?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

1[-ին] անգամ Վրաստանում

Էջմիածնեցվոց Սուրբ Գևորգ եկեղեցին

Շատ հայաստանցիների համար Վրաստանն ամառային արտագնա հանգստի գլխավոր ուղղությունն է: Օգոստոսի 1-ին Թամարիս հետ Վանաձորից ուղևորվեցինք Թբիլիսի` կարճատև հանգստի: Ինձ համար դա առաջին այցն էր Վրաստան:

Երբ ասում են, թե Հայաստանը շատ բաներ ունի սովորելու Վրաստանից` ճիշտ են. Վրաստանից կարելի է սովորել ինչպես չանել և ինչպես անել շատ բաներ: Վրաստանը և վրաստանցիներն ունեն իրենց հետաքրքիր առանձնահատկությունները, որոնց մասին կխոսեմ այս գրառման մեջ:


Ճանապարհներ և տրանսպորտ
Վրաստանի ավտոճանապարհների մասին շատ էի լսել գովեստի խոսքեր և պատկերացնում էի բարձրակարգ ու բարձրորակ ասֆալտե մայրուղիներ, սակայն ճանապարհի ամբողջ ընթացքում (բացառությամբ վերանորոգվող հատվածների) ասֆալտի որակի էական տարբերություն չնկատեցի: Սակայն, վերադարձը Երևան Տավուշով էր և այդտեղի ճանապարհները շատ վատն էին: Վրաստանի ռելիեֆային առանձնահատկությունների շնորհիվ հայ-վրացական սահմանից մինչև Թբիլիսի ճանապարհը զուրկ է խոշոր ոլորաններից և կտրուկ շրջադարձերից: Վրացական ավտոմայրուղիների վրա նվազագույն թույլատրելի արագությունը, նույնիսկ բնակավայրերի մեջ ավելի բարձր է, սակայն, բնակավայրերից նույնիսկ շատ հեռվում լիքն են «պառկած ոստիկան»-նները, ինչն ահավոր տաղտկացնող է:

Վրաստանյան վարորդներն ահավոր են վարում` մայրուղիներում ու քաղաքների փողոցներում շարքերը խախտելով, առանց զիջելու քշելով, վթարային իրավիճակներ ստեղծելով: Թբիլիսիում փողոց անցնելուց առաջ կարելի է գոռալ «Տենո Հեյկա Բանձայ» ու վազել, միգուցե հաջողվի ողջ մնալ. հետիոտն անցումներում ոչ մի [վրաստանցի] վարորդ չի զիջում, մարդիկ փողոցն անցնում են ոնց ու որտեղից պատահի: Ջավախիշվիլի փողոցում նույնիսկ կար մի լուսացույց հետիոտների համար, որը հավերժ կարմիր էր ցույց տալիս (զետեղելով վրաստանյան երթևեկության ողջ փիլիսոփայությունը): Ստորգետնյա անցումները քիչ են (բացառությամբ առանցքային փողոցների), բայց հետաքրքիր գրաֆիթիներով ու առատ վաճառանոցներով: Թբիլիսիի կենտրոնում ոտքով զբոսնելու համար հարմար են միայն մի քանի փողոցներ: Թբիլիսյան մետրոն անշուք է, ծեփոտված պատերով, մի քանի կայարաններում առկա է հանքաջրերի խեղդող ծծմբահոտը: Թբիլիսիի մետրոն բավականին երկար է, բաղկացած երկու գծերից, որոնք ընդգրկում են քաղաքի մեծ մասը:

Հասարակական տրանսպորտը (ա.թ` տաքսիները) շատ թանկ են, հաշվի առնելով, որ Թբիլիսիում միջին աշխատավարձը գրեթե հավասար է Երևանում միջին աշխատավարձին: Մետրոյի և ավտոբուսների/երթուղայինների վճարումն իրականացվում է տրանսպորտային քարտերով (որոնց արժեքն է 2 լարի (400֏)). մետրոյի ուղևորափոխադրումը մեր այցի պահին արժեր 0,5 լարի (100֏), ավտոբուսներինը` 0,8 լարի (160֏): Տաքսիների նստելավարձը 3 լարի (600֏) է, մեկ կիլոմետրի արժեքը` 0,5 լարի: Սակայն տաքսիներից շատերն ուղղակի հաշվիչ չունեն: Մենք Թբիլիսիում որոշեցինք օգտվել ջիջի-ից (ինչպես մի վրացի տաքսիստ նկատեց` «որովհետև հայի ա պատկանում, իսկ հայերն իրար սատարում են»): Դրա նստելավարձը 2 լարի (400֏) էր: Պատրաստ եղեք, որ Թբիլիսիում տաքսիստները շատ, նույնիսկ կենտրոնական վայրերի տեղադրությունը չգիտեն, իսկ տեղորոշիչ սարքերից և/կամ զանգ ընկերոջից չեն օգտվում ու ես իրենց Թբիլիսիում տեղ էի բացատրում: Արդեն ասել էի, չէ՞, որ առաջին անգամ էի այդ քաղաքում:

Քաղաքաշինությունը
Թբիլիսին, ինչպես և Վրաստանի քաղաքներից շատերը, անկանոն քաղաք է: Այն միշտ առևտրական կենտրոն է եղել և դրա զարգացման դինամիկան կապված է առևտրական հանգույց լինելու հետ: Թբիլիսիում կենտրոնական փողոցների ճակատային ճարտարապետությունն ավելորդ ճոխություն է պարունակում: 20-րդ դարի առաջին կեսի շինությունների կողքին պոստմոդեռնիստական շինություններն արեստականորեն են խցկված և ցցուն ու անհամահունչ են նայվում: Սակայն կենտրոնի շատ ետնաբակերում առկա են խարխուլ, նույնիսկ փլուզվող շինություններ: Դեռ կան գետաքարերով քարված փողոցներ, որոնք շատ անհարմար են: Վրացական եկեղեցիները կառուցված են շատ ճոխ, առանց հոգևոր կառույցներին հատուկ հոգևորության և անդորրության:

Գավառական քաղաքներում բազմաբնակարան շենքերը բարեկարգված են տարագույն սվաղով` երբեմն գեղեցիկ, երբեմն` գերվառ: Մահմեդական խիտ բնակչությամբ քաղաքներում առկա են խոշոր թեյատներ: Վարչական շինությունները պոստմոդեռնիստական տարրերով են: Քաղաքներում գործում են խաղատներ: Գյուղերում շատ են ասբեստե տանիքներով և մաշրաբիյաթավոր տները:

Վերաբերմունքը նախկին տերերի (հայեր, ռուսներ/սովետ) ժառանգությանը` քամահրական է և համարյա թշնամական:

Թբիլիսիի կենտրոնական հատվածում ուշադրության են արժանի անվասայլակների համար թեքահարթակների և անվճար հանրային զուգարանների առատությունն, ինչը ցավոտ թեմա է Երևանում:

Սպասարկում
Սպասարկումը Թբիլիսիում, նույնիսկ կենտրոնում, բավականին ցածր մակարդակի վրա է` մունաթով, առանց օտար լեզուների իմացության: Երկու անգամ ես նույնիսկ վրացերենով եմ հաղորդակցվել վաճառողների հետ, չնայած որ վրացերեն 10 բառ էլ չգիտեմ: Օտարալեզու ցուցանակները շատ հաճախ անգրագետ են կազմված: Թբիլիսիի կենտրոնական փողոցներում դեռ կան մուշտարի կանչող պատանիներ: Գները, նույնիսկ խոշոր հանրախանութներում շատ բարձր են: Անցորդները հիմնականում լավ են վերաբերվում օտարազգիներին, պատրաստակամ են օգնել, բայց լեզուների իմացությունը շատ ցածր մակարդակի վրա է: Ուղղություն ցույց տվող ցուցանակները շատ քիչ են: Թբիլիսիում չկորելու համար անհրաժեշտ են կողմնացույց և քարտեզ: Թբիլիսիի անցանց (օֆլայն) քարտեզները շատ հազվագյուտ են: Հուշանվերներ գնելու համար հարմար է Հավլաբար թաղամասը` գները հարմար են, վաճառողները կարողանում են հաղորդակցվել ռուսերեն և/կամ հայերեն:

Կենդանաբանական այգի և թանգարաններ
Կենդանաբանական այգին (ավելի ճիշտ` գազանանոցը) գտնվում է Հերոսների հրապարակից ոչ շատ հեռու, քաղաքի կենտրոնական հատվածին մոտ և դրան հեշտ կարելի է հասնել ոտքով: Մուտքի տոմսն արժեր 2 լարի (400֏), հավելյալ 2 լարի արժեր տեռարիում-ակվարիումների սրահի մուտքը: Ներկայացված կենդանիներից շատերը պահվում են ազատավանդակներում: Ներկայացված կենդանատեսակներն այդքան էլ շատ չեն: Առաջին անգամ տեսա կոատիներ: Որոշ վանդակների վրա առկա են գրվածքներ միայն վրացերենով: Շատ վանդակների վրա նշված են կենդանիների անվանումները և թվում է կենդանիներն ուղղակի իրենց բներում են, սակայն ուշադիր զննելուց երևում է, որ վանդակները դատարկ են: Գայլի վանդակում միայն գայլի (կամ էլ` շան) մի խոցոտ լակոտ էր: Տեռարիում-ակվարիումների սրահը բարեկարգ էր ու հարուստ ցուցադրվող տեսակների քանակով, սակայն դրանց մեծ մասը հասարակ ակվարիումային ձկներ էին, որոնց կարելի է հանդիպել ցանկացած կենդանաբանական խանութում: Այգու մի մեծ հատվածը տրամադրված էր զվարճախաղերի ու խաղալիքների խանութների համար:

Թբիլիսիում եղանք նաև 3 թանգարաններում: Թանգարանները բարեկարգ էին, ունեին վերելակներ և օդորակման համակարգեր:

Կենտրոնական Ռուսթավելի պողոտայում է գտնվում Վրաստանի պատմության թանգարանը: Այդ թանգարանի մուտքի տոմսն արժեր 7 լարի (1400֏): Պատմագիտական նմուշներից բացի այդտեղ առկա են երկրագիտական, բուսաբանական, կենդանաբանական, մարդաբանական հետաքրքիր հավաքածուներ: Համեմատաբար հարուստ են հնագույն և հին շրջանի ցուցադրությունները, որտեղ ներկայացված են նախապատմական, ուրարտական և հելլենիստական ցուցանմուշներ ժամանակակից Վրաստանի և հարակից երկրների տարածքներից: Միջնադարի և նոր դարերի պատմության բաժիններն անթով են ու աղքատիկ: Խորհրդային շրջանին նվիրված ցուցադրությունը բաղկացած է միայն բռնադատվածների անձնական գործերից, լուսանկարներից, ձերբակալման, աքսորման ու մահապատժի հրամաններից ևն: Միայն փսիխադելիկ դեպրեսիվ երաժշտությունն է պակասում: Կարելի էր նաև Ստալինի պաստառների տակ նշել նրա ազգությունը: Կարճ ասած` վրացական 1918-21 թթ. ու ժամանակակից հանրապետությունների պատմությանը շատ քիչ տեղ է հատկացված և նորագույն պատմության գրեթե ողջ սրահը նվիրված է խորհրդային դաժան ժամանակներին, ինչպես նաև` չար ռուսների կողմից անկախ ժողովրդավար Վրաստանի տարածքների նվաճմանը: Նույն հարկում ներկայացված են նաև ուշ միջնադարի (և խանութից առած, 20-րդ դարի) ցուցանմուշներ Հնդկաստանից, Չինաստանից և Ճապոնիայից:

Ռուսթավելի պողոտայում է գտնվում նաև Ազգային պատկերասրահը: Դրա մուտքի տոմսի արժեքն էր 7 լարի: Մեր այցի օրերին այդտեղ ցուցադրվում էին Վերածննդի և ժամանակակից իտալացի արվեստագետների աշխատանքներ (գծանկարներ, ինստալյացիաներ ևն): Թանգարանի մշտական ցուցադրությունը բաղկացած էր վրացի 3-4 արվեստագետների մոտ 40 աշխատանքներից:

Նույն պողոտայում, մի քանի շենք այն կողմ գտնվում է Ժամանակակից արվեստի թանգարանը: Մուտքի տոմսն արժեր 5 լարի (1000֏): Դրա երեք հարկերն ամբողջությամբ (բացի մեկ սրահից) լցված են Զուրաբ Ծերեթելիի գործերով (քանդակներ և նկարներ) ու նրան պատկերող լուսանկարներով: Մեկ սրահում ներկայացված էր ժամանակավոր ցուցադրություն` Յարոսլավ Շվարցշթայնի «Օպրիչնիկի գիրք»-ը, որն ասես Իվան Բիլիբինի արվեստի և կիբերպանկի յուրօրինակ համադրություն լիներ:

Այս այցի ընթացքում չհասցրեցինք լինել բոլոր նախատեսված թանգարաններում, սակայն առաջիկա այցի ժամանակ անպայման կայցելենք թբիլիսյան մյուս թանգարանները (որոնք այդքան էլ շատ չեն):

Հավլաբար


Հայկական պանթեոնը Հավլաբարում

Հավլաբարում տեսանք տասնիններորդ դարասկզբի Էջմիածնեցվոց Սուրբ Գևորգ եկեղեցին և հայկական պանթեոնը: Եկեղեցին աղյուսաշեն է, բարեկարգ, պատկերազարդ վիտրաժներով: Եկեղեցու շուրջն աճում են կենսածառեր և միջերկրածովյան նոճիներ: Ցանկապատից դուրս տեղադրված է խաչքար: Եկեղեցու հանդիպակաց աղյուսե ցանկապատի վրա առկա են մեծ թվով նացիստական գրություններ և նշաններ:

Հայկական հին` Խոջիվանքի գերեզմանատան մի մասում գտնվում է հայկական պանթեոնը: Գերեզմանատան մյուս մասը ոչնչացվել է, հետագայում այդտեղ կառուցվել է վրացական փքաշուք Սբ. Երրորդություն տաճարը, շրջապատված խանութներով և ժամանցի սրահներով: Պանթեոնի շիրմաքարերի մեծամասնությունը տեղափոխվել են ավերված գերեզմանոցից և դրանց տակ աճյուններ չկան: Պանթեոնում երկու թարմ գերեզման կար, որոնց շիրմաքարերի վրա, հայերենից բացի, կար նաև վրացերեն արձանագրություն: Գերեզմանատան ցանկապատի տակ հավաքված են նաև այլ նշանակալի գործիչների շիրմաքարերի կտորներ: Պանթեոնի այգին խնամված է, սալարկուղիները վերանորոգման կարիք ունեն:

Եվ հիշեք. հայերն ու վրացիները եղբայրական ժողովուրդներ են, ուղղակի երբեմն պետք է հիշեցնել` ով է ավագը:

Latest Month

September 2019
S M T W T F S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     

Tags











free counters



Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner