makenas (makenas) wrote,
makenas
makenas

Ուզում եք ճայեր տեսնել` գնացեք անտառ

Այս ամիս արդեն 3-րդ անգամ եմ նկատում, թե ինչպէս են որորներին (чайка, gull) անվանում ճայ: Այ, ձեր ցավը տանեմ, ախար ճայը լրիվ այլ թռչուն է:

Եվ այսպէս`


Ճայը (Garrulus glandarius) (անգլ. jay, ռուս. сойка) - ճնճղուկազգիների կարգի ագռավազգիների ընտանիքի թռչուն է: Մարմնի երկարությունը 34 սմ է, քաշը` մինչև 160 գ: Ճակատը սպիտակավուն է, գագաթը սև, մարմինը բաց մոխրաշիկավուն, պոչը սպիտակ: Թևի վերին մեծ ծածկափետուրները երկնագույն են, սև շերտերով, առաջին կարգի թափահարող փետուրները` սև: Անտառային թռչուն է, բնակվում է ծառերին: Տարածված է ողջ Եվրոպայում, Հայկական լեռնաշխարհում, Կենտրոնական և Արևելյան Ասիայի անտառներում: Սնվում է միջատներով ու թրթուրներով, հատապտուղներով, սերմերով, հիմնականում` կաղինով, որը ձմռան համար թաղում է հողում և այդպիսով նպաստում կաղնու տարածմանը:




Որորները (Laridae) քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք են: Առավել հայտնի են որորները (անգլ. gull, ռուս. чайка) և ծովորորները (անգլ. seagull, ռուս. морская чайка): Տարբեր տեսակների չափերը տատանվում են 20-ից 76 սմ: Ունեն բաց գունավորում, բնակվում են ծովերի, լճերի և ջրամբարների մերձակայքում: Տարածված են ամբողջ Աշխարհում:
Հայաստանում տարածված է հայկական որորը (Larus armenicus), որը երկար ժամանակ համարվում էր արծաթափայլ որորի (Larus argentatus) ենթատեսակ, սակայն այժմ ապացուցվել է դրա առանձին տեսակ լինելը: Հայաստանի էնդեմիկներից է, ի տարբերություն Հայաստանում հանդիպող այլ որորների չի չվում: Հիմնականում բնակվում է Սևանա լճի և Արփա գետի մոտ: Սնվում է ձկներով, լեշով և թերմացքով, ինչով մեծ օգուտ է տալիս բնությանը:


Առջևում ամառն է, ձեր մի մասը կմեկնի հանգստանալու ծովափ, մյուս մասն` անտառոտ մի տեղ: Մաղթում եմ ձեզ հաճելի հանգիստ, և միշտ հիշեք, որ ճայեր տեսնելու համար պէտք է գնալ անտառ, որովհետև ծովի ափին ճայերը` չէ, որորներն են ճախրում:


Tags: Հայաստանի բնությունը, Հայոց լեզու, բնություն, կենդանատեսակների ավանումները, ճայեր, որորներ
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 2 comments