?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Հետընտրական

Այս գրառումն առնչվում է շատ նուրբ թեմայի, առավել ևս այսօր` խորհրդարանական ընտրությունների ավարտից անմիջապէս հետո... (խոստացել էի նախքան ընտրությունները զերծ մնալ)

Այս գրառման մէջ անդրադառնալու եմ 1996-ի սեպտեմբերի, 1998-ի փետրվար-մարտ ամիսների և 2008-ի մարտի իրադարձություններին:

Ընդունված է 1996-ի դէպքերն անվանել հեղաշրջման ձախողված փորձ, իսկ 1998-ինը` հեղաշրջում: Սակայն, իրականում երկու դէպքերի համար էլ "հեղաշրջում" եզրույթն այդքան էլ ճիշտ չէ կիրառել:

Եվ այսպէս`

1996-ի սեպտեմբերի 22-ին նախանշված էին նախագահական ընտրությունները: Հարկ է նշել, որ այդ ընտրություններում ներկայիս իշխող ՀՀԿ-ն սատարում էր Լևոն Տէր-Պետրոսյանին: Այս մասին մի քիչ մանրամասն: 

1991-ի աշնանը Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ (իմ կարծիքով` միակ չկեղծվածը): Այդ ընտրություններում հաղթեց Լևոն Տէր-Պետրոսյանն, իսկ վեց թեկնածուներից վերջինը ՀՀԿ-ի նախագահ Աշոտ Նավասարդյանն էր, մեկ տոկոսից էլ պակաս ձայներով:
ՀՀՇ-ը շատ կտրուկ քաղաքականություն էր վարում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ, 1994-ին էլ արգելվեց ՀՀԴ-ի գործունեությունը, որն այդ պահին զգալի կշիռ ուներ ՀՀ-ում: Արդարության առաջ չմեղանչելու համար պէտք է նշել, որ 90-ականների սկզբին Հայաստանից արհեստականորեն անջատված ԼՂՀ-ում գերիշխող ՀՀԴ-ն իր հակառակորդների նկատմամբ վարում էր նույն քաղաքականությունը:
Ինչպէս 94-ին, այնպէս էլ հետագայում, ՀՀԿ-ը սատարում էր ՀՀՇ-ին:

1996-ին ժողովուրդն արդեն հասցրել էր հոգնել Լևոն Տէր-Պետրոսյանի վարած քաղաքականությունից և երկրում տիրող անօրինությունից... 1991-ին մարդիկ այլ ակնկալիքներ ունեին...

1996-ի սեպտեմբերի 22-ին կայացան ընտրությունները: Ի միջի այլոց` առաջադրված էր ընդամենը 4 թեկնածու... Լևոն Տէր-Պետրոսյանը հաղթեց 51% ձայներով, չնչին տարբերությամբ երկրորդն էր Վազգեն Մանուկյանը: Այդ լուրից հետո Հայաստանում բռնկվեց դժգոհությունների ալիք: Բացահայտ էր, որ գործող Նախագահի օգտին այդքան քվեարկող մոտավորապէս էլ չի եղել: Հենց այդ ժամանակ էլ լայն կիրառություն ստացավ "ընտրությունները նկարել" արտահայտությունը: Արդեն ամսի 23-ին եղան առաջին բողոքի ակցիաները: Պահանջը մեկն էր` վերահաշվարկ: Սեպտեմբերի 25-ին կազմակերպվեց հսկայական հանրահավաք: Բողոքավորների ամբոխն ուղղվեց դեպի ԿԸՀ-ը (այդ ժամանակ այն տեղավորված էր ԱԺ-ի շէնքում): Վազգեն Մանուկյանը մի քանի համախոհների հետ մտավ ներս: Երկար սպասելուց հետո դրսում սպասողները քանդեցին ԱԺ-ի ցանկապատը և մտնելով ԿԸՀ կրկնեցին իրենց պահանջը: Լևոն Տէր-Պետրոսյանը գործեց այնպէս, ինչպէս սովորել էր իրեն նախորդած ռեժիմից: Հիմնվելով Սահմանադրության համապատասխան հոդվածի վրա, նա Հայաստանում մտցրեց արտակարգ իրավիճակ: Երևանի կենտրոն մտցվեցին հրասայլեր և այլ զրահատեխնիկա: Ընդդիմության առաջնորդները և ներկայացուցիչները ենթարկվեցին ազատազրկման և դաժան ծեծի: Նույն միջոցներն էին կիրառվում պատգամավորների, լրագրողների, հրապարակախոսների, ծերունիների և պատանիների նկատմամբ: Ցույցը ցրելու համար օգտագործվեցին ջրցան մեքենաներ, ռետինե մահակներ, եղան նաև կրակոցներ (բարեբախտաբար առանց տուժողների): Բաղրամյան պողոտայից Վազգեն Մանուկյանը ցույցն ուղղորդեց Ազատության հրապարակ, որտեղ հայտարարեց, որ դադարեցնում է պայքարը` զոհերից խուսափելու համար: Մի բան, ինչը չեղավ տարիներ անց:
Սակայն հաջորդ օրերին էլ կտտանքների էին ենթարկվում ձերբակալված ցուցարարները, ցույցերի անցկացման վայրերում զբոսնող ցանկացած մարդ, ով կասկածանք էր հարուցում ուժային կառույցների աշխատակիցների մոտ, ձերբակալվում էր և ենթարկվում խոշտանգումների: Բարեբախտաբար կամ ցավոք` այդ ժամանակ ո՛չ տեսախցիկով բջջայիններ կային, ո՛չ յութուբ ու ֆեյսբուք, ոչ էլ սադրիչ "իրավապաշտպաններ", այնպէս որ այդ դէպքերի մասին շատ բան հայտնի չէ:

Սակայն 1996-ի ընտրություններն արդեն պարզ ցույց տվեցին, որ ազգընտիր "ժողովրդավարական" իշխանությունները կիրառելու են իրենց խորհրդային "կրթություն"-ը: Ատելությունն ու անվստահությունը Լևոն Տէր-Պետրոսյանի և իշխող ռեժիմի հանդէպ հասել էին իրենց գագաթնակետին և միայն պատրվակ էր պետք, որպէսզի այն տապալվի: Այդպիսի պատրվակ դարձավ 1997-ի աշունը: Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ժողովրդավարության ցածր մակարդակն, Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում Հայաստանի վրա կիրառվեցին ճնշումներ: Հարկ է նշել, որ ժողովրդավարության ցածր մակարդակը երկու կողմերի վրա ճնշման հիմնական գործոնն է: Եթե Ադրբեջանն ունի նավթագազային պաշարներ և կարողանում է դրա "տակից դուրս գալ", ապա նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին: Այդպիսով Լևոն Տէր-Պետրոսյանը գնաց զիջումների Արցախյան հիմնախնդրում, որոնք ենթադրում էին ազատագրված տարածքի հանձնում, ԼՂՀ միակցում Ադրբեջանին ևն: Բնականաբար, այն մարդիկ, ովքեր գործուն մասնակցություն էին ունեցել Արցախյան ազատամարտին, չէին կարող համակերպվել դրա հետ: Հայաստանի իշխող շրջանակներում գտնվող "ղարաբաղցիներ"-ը (Արցախյան ազատամարտի մասնակիցները), որոնցից ամենաազդեցիկները` Վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, ՊՆ Վազգեն Սարգսյանը (ով արարատցի էր, և 90-ականների սկզբներին մեղադրվում էր "արարատյան կլան" ստեղծելու համար), ՆԳՆ և ԱԱՆ Սերժ Սարգսյանը 1998-ի փետրվարի սկզբներին "ժամանակ տվեցին" Նախագահին, որ հեռանա: 1998-ի փետրվարի 3-ին Լևոն Տէր-Պետրոսյանը հրաժարական տվեց: "Պալատական հեղաշրջման" արդյունքում, համաձայն Սահմանադրության, Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ Վարչապետը` Ռոբերտ Քոչարյանը: Նույն թվականի մարտին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեծ առավելությամբ նա հաղթեց իր գլխավոր մրցակից Կարեն Դեմիրճյանին: Դրանք Հայաստանի առաջին (հուսանք` վերջին) արտահերթ ընտրություններն էին, առաջին անգամ էր անցկացվում ընտրությունների երկրորդ փուլ (մի անգամ էլ 2003-ին եղավ ու պրծ) ու նաև աննախադէպ ու դեռ չգերազանցված թվով` 12 թեկնածուներ (նախորդ ընտրությունների հետ համեմատած` ուղիղ 3 անգամ շատ): Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Լևոն Տէր-Պետրոսյանը շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանին (լավ կլինի, որ հաղթող թեկնածուին շնորհավորելու ավանդույթն արմատավորվի Հայաստանում): Մինչև 2007-ի սեպտեմբեր Լևոն Տէր-Պետրոսյանն առանձնապէս չէր խառնվում քաղաքականությանը, վերադարձավ Մատենադարանում իր աշխատանքին:

2000 թվականից սկսած ամերիկյան հատուկ ծառայությունները, հաշվի առնելով Ռուսաստանում սկսված որոշ գործընթացներ սկսեցին դրա ազդեցության գոտիների աստիճանական "մաքրում"-ը:
1999 թ. վերջին Ռուսաստանի Նախագահ Բորիս Ելցինը հրաժարական տվեց, պատճառաբանելով դա առողջական խնդիրներով: Սակայն խնդիրն այլ էր: Նույն թվի սեպտեմբերին սկսվել էր Ռուս-չեչենական երկրորդ պատերազմը (պաշտոնապէս` "հակաահաբեկչական գործողություն"): Ռուսաստանի իշխանությունների համար դա անակընկալ չէր, որովհետև դեռ ապրիլից սկսած չեչեններն արտագրոհում էին Դաղստանի ուղղությամբ, որտեղ տեղակայված ռուսական զորքերը կարող էին առանց լուրջ խնդիրների վերացնել դրանց: Ուղղակի, փաստացի անկախ Չեչնիան հպատակեցնելու առիթ էր հարկավոր ռուսներին: Եվ այսպէս, սեպտեմբերից ծավալվեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունները: Ելցինի վարկանիշը շատ ցածր էր և պէտք էր ավելի վճռական առաջնորդ, որն էլ դարձավ Պուտինը (այն ժամանակ` ՌԴ Վարչապետը):
Օգտագործելով այն, որ ռուսները զբաղված են Չեչնիայում (բացի այդ` երկրում լարված ներքաղաքական իրադրություն էր), ամերիկացիները 2000-ին սկսեցին, ինչպէս միշտ` Հարավսլավիայից: Հաջողությամբ անցավ "բուլդոզերային հեղափոխություն"-ը, որի անուղղակի արդյունքը եղավ Սլոբոդան Միլոշևիչի հեռացումը պաշտոնից: Դա "գունավոր հեղափոխություն"-ների նոր շրջանի սկիզբն էր: Դեռևս 1989-ին դրանց միջոցով Արևելյան Եվրոպան թոթափեց խորհրդային լուծը (փորձված թանն, անփորձ մածունից լավ է):
Հարավսլավիայից հետո հերթը Վրաստանինն էր, որտեղ բնակչության զգալի մասը դժգոհ էր հին կոմունիստ Շևարնաձեից: 2003` "վարդերի հեղափոխություն" Վրաստանում, 2004` "նարնջագույն հեղափոխություն" Ուկրայինայում, 2005` "վարդակակաչների հեղափոխություն" Ղրղզստանում (որտեղ հեղափոխությունները դարձան "բարի" ավանդույթ, "ձեռի հետ" էլ` ազգային փոքրամասնություններին կոտորելու լավ առիթ) և "մայրիների հեղափոխություն" Լիբանանում (որը մասամբ հաջողվեց), նույն թվին եղավ փորձ նույնը կրկնել Ադրբեջանում, 2006-ին` Բելառուսում, սակայն երկուսն էլ անհաջող: Այդպիսով, ԱՄՆ-ին հաջողվեց Ռուսաստանին կտրել կենսական կարևորության տարանցիկ ուղիներից և հավատարիմ դաշնակիցներից: Այդ ալիքն ընդգրկեց նաև Մոլդովան (2009), ինչպէս նաև` 2010-ից Արաբական աշխարհը...

(Նկարը` Դավիթ Սահակյանց)

Սակայն, վերադառնանք մեր ընտրություններին...

2008 թ. նախագահական ընտրություններից էլ առաջ ընդդիմությունը հայտարարել էր, թե արդյունքները կեղծվելու են (դե, իրենք այդ հարցերում փորձառու են, գիտեն... նույն հայտարարությունը եղավ նաև այս ընտրություններից առաջ): Իրավիճակը ծայրահեղ սրվել էր և իրադարձությունների ընթացքին երևի բոլորդ էլ տեղյակ եք: Միայն մեկ հարց է ինձ համար անհասկանալի` եթե ընդդիմությունը տրամադրված էր հեղաշրջման, ինչու՞ ուղղեց իր հետևորդներին Մաշտոցի պողոտայով դէպի հարավ, եթե Կառավարության շէնքը, Նախագահի նստավայրը կամ ԱԺ-ն ընդհանրապէս այլ կողմում էին: Ընդդիմությունն այդ օրն իրոք կարող էր անել հեղաշրջում, եթե անիմաստ չթափառեր քաղաքում (մեր համալսարանի (Գլաձոր) մատույցներում էր ծավալվել բեմերից մեկը, ես էլ հայտնվել էի ոստիկանների և ցուցարարների միջև ընկած գոտում, անպէս որ` երկու կողմերի գործողություններին էլ անձամբ եմ ականատես եղել): Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բեմադրություն անելը, բնական է, ուներ հստակ նպատակ` ցույց տալ, որ իրենք իրենց ստացած վճարի դիմաց անում են իրենց պատվերը, նաև` միջազգային "շուխուռ"-ի լավ առիթ էր: Կրկնում եմ, եթե այդ ամբոխը գրոհեր կառավարական շէնքերից որևէ մեկն, այն անկասկած կհասներ հաջողության: Իհարկե, զոհերի գնով, բայց զոհեր չեղա՞ն: Տարբերությունը կլիներ այն, որ այդ զոհերը կլինեին արդարացված:

Այս ընտրություններից առաջ էլ ՀԱԿ-ի ղեկավարներից մեկը հայտարարեց, որ անկախ արդյունքներից իրենք հանրահավաք են անցկացնելու...

Չնայած ես կարծում եմ, որ առավել մեծ թափով հանրահավաքը (կամ` ուրիշ բան) կպահեն 2013-ի համար, այդուամենայնիվ ինձ մի բան է շատ մտահոգում:

1996-ին պղտորվեց Անկախության տոնը (սեպտեմբերի 21` հանրաքվե, 23` հռչակում, 25` օրէնքով ամրագրում), 2008-ին` Սրբոց Վարդանանց տոնը (փետրվարի վերջ-մարտի սկիզբ)...

Սակայն առավել հետաքրքիր է մեկ այլ բան: Բախտի բերմամբ, թե պատահմամբ 2008-ի հակակառավարական ցույցերը համընկան Լևոն Տէր-Պետրոսյանի հրաժարականի տասներորդ տարվան...

Լևոն Տէր-Պետրոսյանը փորձեց ռևանշի հասնել` նախ Ազատության հրապարակում (ի պատասխան 1996-ի), ապա` արտահերթ ընտրություններով (ի պատասխան 1998-ի, ինչը չստացվեց)...

Առջևում մայիսի ինն է և ես վատ կանխազգացումներ ունեմ...

Latest Month

August 2018
S M T W T F S
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

Tags











free counters



Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner